Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Խաչը կենաց ծառն է և անմահության պտուղը» Սբ. Գրիգոր ՏԱԹԵՎԱՑԻ

«Խաչը կենաց ծառն է և  անմահության պտուղը»  Սբ. Գրիգոր ՏԱԹԵՎԱՑԻ
11.09.2015 | 11:49

Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը Խաչվերացն է: Այն հիշատակությունն է Սբ. Խաչի գերությունից վերադարձի և փառաբանության: Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այս տարի այն նշվում է սեպտեմբերի 13-ին:

7-րդ դարասկզբին Պարսկաստանի Խոսրով թագավորի զորքը ներխուժում է Բյուզանդական կայսրության սահմանները և ասպատակում հատկապես Պաղեստինը: 614-ին պարսից Խոռեմ զորավարը գրավում է Երուսաղեմ քաղաքը: Պարսիկները մտնում են Սուրբ Հարության տաճարը, բռնագրավում են սուրբ Խաչափայտը, եկեղեցական ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքը սրի ու կրակի մատնում: Սուրբ Խաչն իբրև ավար տարվում է Պարսկաստան և պահվում թագավորական գանձարանում: Այս ամենը մեծ հարված էր քրիստոնեական Բյուզանդիային, որն Արևելքում դարձել էր քրիստոնեական քաղաքակրթության կարևորագույն կենտրոններից մեկը: Բյուզանդիայի Հերակլ կայսրը որոշում է արշավանք կազմակերպել դեպի Պարսկաստան և վերադարձնել Սուրբ Խաչը: Նա օգնության է կանչում ճենաց Խական թագավորին: Բյուզանդացիներին իր ռազմական օժանդակությունն է բերում նաև հայկական կողմը՝ զորավար Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միանում են նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագավորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագավորն անցնում է Խոսրովի կողմը, և Հերակլ կայսրը մեծ պարտություն է կրում: Այդ պարտությունից հետո նա քուրձ է հագնում, հանում իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթում` բարեխոս ունենալով սբ. Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նրան տեսիլք է հայտնվում, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ վճռական ճակատամարտում Հերակլը հաղթում է, իսկ պարսից թագավորը սպանվում է: Հերակլ կայսրը մեծ զորքով գալիս է արևելք և պահանջում Սուրբ Խաչը, որն անմիջապես տրվում է: Այնուհետև Հերակլ կայսրն սկզբում Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ են դառնում «Խաչվերացի» տոնի հաստատման համար: Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Այդ լեռան սարահարթի վրա բխում է սառնորակ ջրի աղբյուր, որը ուխտատեղի է դարձել: Տեղական ավանդությունը պատմում է, որ խաչը հանձնելուց հետո պարսիկները կրկին փորձում են այն հետ վերցնել: Հայերը, խաչափայտն այնտեղ թողնելով, հետ են մղում պարսկական կողմի հարձակումը և երբ վերադառնում են խաչափայտը վերցնելու, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը, ուր Խաչվերացի սքանչելի տոնի առիթով ժամանակին բազում ուխտավորներ էին այցելում: ՈՒստի Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Խաչվերաց բառը նշանակում է Խաչի բարձրացում: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Այս տոնն ունի Քրիստոսի Եկեղեցու անպարտելիության խորհուրդը: Այս խորհրդով էլ, երբ մենք խաչակնքում ենք, զորանում ենք Քրիստոսով և նրա զորության կարողությամբ, որպեսզի Աստծու սպառազինությամբ զինվելով կարողանանք ընդդիմանալ սատանայի հարձակումներին: Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց, այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Աստծո սիրո արտահայտությունը, քանզի սիրել նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր: Խաչվերացի տոնը մեզ համար նախ և առաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Հիսուս խաչի վրա մեռնելով հաղթեց մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը. «Դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Ժողովուրդը Խաչվերացին կատարում է ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանը համարում է խաչի ծաղիկ:
Սուրբ Խաչի տոները հայոց աշխարհում մշտապես նշվել են մեծ շուքով և պատկառանքով: Կյանքի հաղթության այս նշանի դերն ու նշանակությունը այնքան կարևոր է եղել մեզանում, որ այն խաչքարերի տեսքով դարձել է հայ ժողովրդի յուրօրինակ դրսևորումներից մեկը համաշխարհային մշակույթում: Քարակերտ արվեստի անանց այդ խաչքարերը խորհրդանշում են նաև մեր ժողովրդի հարատևության խորհրդանիշը Հիսուս Քրիստոսի հարութենական հաղթության նշանով, հարատևության խորհրդանիշ, որով ավետվում է հայ ազգի հավերժության գաղափարը:


Տպագրության պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ